... ճեպասլաց հոսանուտ մտածումների սավառնացրիվ-տարանջատվող բեկորներ, ապրումի հակասություն՝ ընդմեջ անընթեռնելի կերպարանքների, հաստատապես ո՛չ նյութական մի բան... ... հեղինակից կախվա՞ծ է արդյոք այն, ինչը երևան է գալիս թղթի, կտավի կամ ուզածդ այլ նյութի վրա... ընդհատական գիծն ու տրոփյուն գույնը Ոչմիտեղից լույս են տալիս նոր կերպարին, և Ոմն ինչը, գիտակցաբար թե ոչ, աստիճանաբար կերպարանք ու գույն է առնում, ապրումներն ու կերպարներն ի հայտ են գալիս մեկը մյուսի ետևից, գրեթե հոժարակամորեն թաղանթ ու կաղապար են ձեռք բերում....
... մտահորինվածքի ու անիրականորեն հայտնվածի սահմանագիծ. թեև արդյունքն ինքնին գոյության իրավունք ունի... լուսաբանելու փորձեր ... ... սպասվելիք արդյունքի կերտման գրեթե երևութական հնարավորությունը հրապուրիչ, ակնհայտորեն շոշափելի մասնակցության զգացում է հաղորդում, որը ստեղծագործական գործառույթի թերևս միակ ազդակն է ... ... պատկերներն ի հայտ են գալիս մակերեսին, ասես ոչ մի տեղից հարուցվելով, ինչ ուզում ենք տեսնել ...

Նկարչի մասին

Լիլիթ Սողոմանյանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 18-ին Երևանում՝ նկարիչներ Վան Սողոմանյանի և Նոնա Գաբրիելյանի ընտանիքում։ Մեծանալով արվեստի միջավայրում՝ նա դեռ վաղ տարիքից արվեստը ընկալել է ոչ թե որպես առանձին մասնագիտություն, այլ որպես կյանքի, աշխարհընկալման և հոգևոր փորձառության բնական մաս

1985–1991 թվականներին Լիլիթ Սողոմանյանը սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Նա ստեղծագործում է հիմնականում գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում։ Նրա գեղարվեստական լեզվին բնորոշ են արտահայտիչ, ճկուն գիծը, գույնի նուրբ զգացողությունը և ձևի ու տարածության փոխհարաբերության նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը։ Նրա ստեղծագործություններում ֆիգուրատիվն ու աբստրակտը մշտապես գտնվում են երկխոսության մեջ․ մարդկային կերպարը կարող է աստիճանաբար տարրալուծվել գունային միջավայրում՝ վերածվելով հուզական նշանի, կամ, ընդհակառակը, հստակություն և արտահայտչականություն ձեռք բերել ճշգրիտ գրաֆիկական ժեստի միջոցով։

Գեղանկար

Գրաֆիկա

Վիդեո

Lilit Soghomonyan © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։